Վարուժան Բաբաջանյան. «Քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության դաշտ տեղափոխելը բոլորիս ջանքը պետք է լինի»

«Առաջադրվելով ռեյտինգային ընտրակարգով՝ իմ խնդիրը բացառապես իմ քաղաքական ուժին և գործող կառավարությանն օգնելն է տնտեսական բարեփոխումների հարցում»: Երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Փաստ» օրաթերթի արդեն պաշտոնաթող գլխավոր խմբագիր, մի շարք լրատվական կայքերի սեփականատեր, քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանը, որն արդեն հայտարարել է ԲՀԿ տարածքային ընտրակարգով Տավուշի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին: 

Ռեյտինգայինն այն միջոցն է, որը կոտրելու է կուրորեն ընտրություն կատարելու մարմաջը

Վ. Բաբաջանյանը շեշտեց, որ իր հիմնական դերակատարությունը նաև սահմանամերձ շրջանների առանձնահատուկ խնդիրների շուրջ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է լինելու: 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վ. Բաբաջանյանն անդրադարձավ օրակարգային մի շարք խնդիրների: Պատասխանելով գործող Ընտրական օրենսգրքով ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հարցին և հնարավոր խոչընդոտներին՝ նա ընդգծեց. «Ինքս որևէ խնդիր չեմ տեսնում, որ ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային ընտրակարգով: Ինչպես Նոյեմբերյանում, Տավուշի մարզում, այնպես էլ մյուս տարածաշրջաններում յուրաքանչյուրն ունի իր հեղինակությունը: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այդ հեղինակությունը լինի քրեաօլիգարխիկ դեմք, խոշոր գործարար... Հիմա նոր երիտասարդ գործիչները թող գնան ու իրենց թաղամասերում իրենց հեղինակությունը չափեն, տեսնենք՝ բացի այն գործոնից, որ ներկայացնում են իշխող կուսակցությանը, անձամբ իրենք որքանո՞վ են վայելում հեղինակություն, ինչպե՞ս են վաստակելու ժողովրդի քվեն»:

Նա շեշտեց՝ երկու անգամ մասնակցել է ընտրություններին, երկու անգամն էլ բազմահազար ձայներ ստացել, բայց մի դեպքում ժամանակին բնորոշ պատճառներով, մյուս դեպքում՝ «չարաբաստիկ»՝ Դոնթի բանաձևի պատճառով չի անցել խորհրդարան. «Այս անգամ նորից եմ մասնակցելու, որովհետև մարզերի գործիչներս հասարակությանը պարտք ունենք վերադարձնելու. տարիներ շարունակ մարդկանցից ձայն ենք ստացել, բայց այդ ձայները որևէ կոնկրետ արդյունքով չենք մոնետիզացրել այդ տարածաշրջանների համար: Այո, այս ընտրակարգը թերի է, որովհետև այն չի կարող հարյուր տոկոսանոց մաքուր քաղաքական ընտրություն ապահովել, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ ռեյտինգային ընտրակարգը մնաց, որովհետև այս համատարած էյֆորիայի, համատարած «աչքկապոցու» պայմաններում ռեյտինգայինն այն միջոցն է, որը մի քիչ կոտրելու է կուրորեն ընտրության գնալու մարմաջը. բոլորիս հասկանալի է, որ այս պահին երկրում գոյություն ունի լուրջ հեղինակություն ունեցող Նիկոլ Փաշինյան, որը այդպես էլ չկարողացավ ձևավորել նորմալ թիմ: Այդ թիմի ներկայացուցիչները պետք է տեղերում, իրենց թաղամասերում իրենց դեմքը ցույց տան, ընտրողի հետ խոսեն: Եվ մարդիկ, ովքեր սկսել են շատ ավելի կուրորեն հավատալ, նաև այդ կադրերի առումով «ո՞ւմ ես բերել մեզ մոտ» հարցադրումը կանեն Ն. Փաշինյանին: Դրա համար էլ ուրախ եմ, որ ռեյտինգային ընտրակարգով է անցկացվելու: Դա կտանի նաև կառավարության առողջացմանը, նաև Ն. Փաշինյանի ուժեղացմանը. ես շատ եմ ուզում, որ նա լինի ուժեղ վարչապետ»:

Բանախոսը չի կարծում, թե ականատես կլինենք այն տրամաբանությանը, որը կար Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նա շեշտեց, որ սպասվելիք ընտրություններում թեկնածուներն արդեն առանձին պետք է ներկայանան, և այստեղ է, որ կոտրվում է վերոնշյալ տրամաբանությունը. «Այս պարագայում, թերևս, սա լավագույն լուծումն է, ըստ որի մենք կկարողանանք ընտրությունները դարձնել ոչ թե մեկ քաղաքական ուժի մենիշխանության դակում, այլ որոշակի հակադիր բևեռներ ձևավորել, ինչն առաջին հերթին հենց Ն. Փաշինյանին է պետք»:

Ժպիտը մի օր սառելու է

Անդրադառնալով կառավարության գործունեությանն ու նշանակումներին՝ նա շեշտեց. «Պատկերացրեք՝ երեխան հորից մեքենան գողանում է, տանում, գցում է ձորը, որովհետև չգիտի՝ ոնց են վարում: Բացառությամբ մի քանի նորմալ նշանակումների, կադրային նշանակումների այս ֆոնին ինձ մոտ այդպիսի տխուր տպավորություն է: Այնպիսի տպավորություն է, որ մեր պետությունը մի մեքենա է, որը գողացել են և տանում են դեպի անդունդ: Շատ լավ է, երբ լրագրողը, գլխավոր խմբագիրը եկել է իշխանության: Մարդ, որը զրոյից գիտի երկրի խնդիրները: Բայց հեղափոխությունը դեպի տնտեսություն տանելու փոխարեն անիմաստ նշանակումներով, հակասական հայտարարություններով ու հապշտապ ընտրություններով մենք ո՞ւր ենք տանում այն: Ամեն օր իշխանությունն ամրապնդելուն ուղղված քայլերին զուգահեռ որևէ քայլ չի արվում տնտեսությունն ամրապնդելու համար: Այո, մենք ուրախ ենք, որ երկրում իրավիճակ է փոխվել, մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, բայց այդ ժպիտը մի օր սառելու է, երբ երեխայի հացի փողի խնդրի առաջ կանգնենք: Մեր բոլորիս ջանքը պետք է լինի այս քաղաքական հեղափոխությունը տեղափոխել տնտեսական հեղափոխության դաշտ»:

Հակադիր կարծիք ունեցողները հիմա ավելի շատ են օգնում...

Զուգահեռ՝ նա իր մտահոգությունը հայտնեց, որ այդ առումով ջանքեր ներդնող և որոշակի քննդատական խոսքեր հնչեցնող անձինք, այսպես կոչված, ֆեյքերի մի ամբողջ բանակի հարձակմանն են ենթարկվում:

«Իմ առաջադրման պատճառների կարևորագույն առանցքը անցումն է տնտեսական հեղափոխությանը: Հասկացանք՝ Ն. Փաշինյանը մաքրեց քաղաքական դաշտը, շատ լավ, շնորհակալություն, բայց մենք արդեն պետք է սկսենք տնտեսության մասին մտածել: Յուրաքանչյուր փոքր ռեֆորմը հսկայական արդյունքների է բերում, բայց այս վեց ամիսների ընթացքում որևէ քայլ տնտեսական որևէ ռեֆորմի ուղղությամբ չի եղել»,–ասաց Վ. Բաբաջանյանը՝ նշելով, որ ճիշտ չէ ամեն ինչ գցել այն արդարացման վրա, թե «քաղաքական իշխանությունը դեռ ամբողջությամբ մերը չէ»:

Նա ընդգծեց. «Հակադիր կարծիք ունեցողները հիմա վարչապետին ավելի շատ են օգնում, քան մանկական տարիքից հազիվ դուրս եկած և բարձր պաշտոններ զբաղեցրած լուրջ դեմքով «ֆռֆռացող» տղերքը: Ինքը դա պետք է հասկանա: Մենք հազար տարի ճանաչում ենք իրար, շատ լավ հարաբերություններ ունենք, ես ուզում եմ, որ Ն. Փաշինյանը լինի շատ հաջողված վարչապետ, մենք ունենանք շատ հաջողված պետություն: Բոլորին էր պարզ, որ ինչ–որ մեկը պետք է դառնար ժողովրդի գործիքը, և երկրում պետք է իշխանափոխություն տեղի ունենար: Հիմա եղավ այդ հեղափոխությունը, բայց չի նշանակում, որ ինքդ պետք է անձնապես կրես դրա ամբողջ իրավունքներն ու ամբողջ պատասխանատվությունը: Երբ վաղն արդեն այս ամենը ձնագնդի էֆեկտով հետ կշրջվի, հնարավոր չի լինի այդ ձնագունդը կանգնեցնել»:

Չի կարելի ըստ ճաշակի երկիր կառավարել

Ինչ վերաբերում է հարցին, թե ուժերը միավորվելու փոխարեն, այնուամենայնիվ, առանձին են գնում ընտրությունների, և դիտարկմանը, թե արդյունքում ինչի՞ առաջ ենք կանգնելու, նա պատասխանեց.

«Կանգնելու ենք քաղաքական մենիշխանության առջև, որը հետագայում շարունակելու է միայնակ կրել նաև այն ձախողումների պատասխանատվությունը, որոնք, ցավոք, լինելու են և, ցավոք, լինում են: Որովհետև գալ և միանգամից բոլորին՝ տնտեսվարողներին, քաղաքական գործիչներին պատերազմ հայտարարել ուղղակի ճիշտ չէ»:

Բանախոսը շեշտեց՝ չի կարելի ըստ ճաշակի երկիր կառավարել. «Ինչ–որ կենտրոնի տնօրենի մասով, ով ազդեցիկ քաղաքական գործչի խնամի է, ստուգումներ եք սկսել և հայտնաբերել առերևույթ չարաշահումներ: Եղբա՛յր, երաշխավորում եմ, որ ամբողջ երկրի բոլոր բժշկական հաստատություններում նույն վիճակն է: Կամ պետք է հայտնի սինգապուրյան գիծը քաշվի, որից հետո բոլոր գործարարները սկսում են մաքուր աշխատել, կամ, խնդրեմ, բոլորին դատեք, որ տպավորություն չստեղծվի, թե անձնական կամ քաղաքական վրեժխնդրությամբ ԱԱԾ– ին կամ ՊԵԿ–ին հորդորում եք գնալ այս կամ այն անձի հետևից: Ըստ ճաշակի չի կարելի հետապնդումներ անել: Թե՛ վերահսկողական ծառայության, թե՛ մեկ այլ մարմնի ցանկացած հայտարարության տակ անպայման նախկին քաղաքական գործիչ կա:

Բայց պիտի զգույշ լինենք, մենք չենք կարող մեր երկրի պորտալարը կտրել: Ի վերջո, ունեցել ենք մի համակարգ, ուր բոլորն այդ արատավոր սկզբունքներով են աշխատել: Արդյո՞ք ճիշտ ճանապարհով ենք գնում, երբ ըստ ճաշակի ենք սկսում ստուգումներ անցկացնել, կամ ըստ ճաշակի պառկեցնում ասֆալտին և այլն»:

Կոնֆորմիստների մասին

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԱԺ ընտրություններին ընդառաջ բացառում է ընտրակաշառքը, Վ. Բաբաջանյանը պատասխանեց. «Բացառվում է, որովհետև բոլոր քաղաքական ուժերը աչալուրջ պետք է հետևեն, որ ընտրակաշառք չլինի: Ինքս բացառում եմ, որ որևէ քաղաքական ուժ այդպիսի քաղաքական ինքնասպանության գնա: Կարող են լոկալ մեկ–երկու դեպքեր լինել, և ինչ–որ ռեյտինգային թեկնածու իր թաղամասում նման փորձ անի, բայց այդքան վերահսկող աչքերի ու այն պայմաններում, երբ հարևանի լավը չուզելով՝ օրական ԱԱԾ–ին հարյուրավոր նամակներ են գրում, ո՞վ է գժվել ընտրակաշառք բաժանի»:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե ՀՀԿ–ի «տասովշիկները» հիմա էլ ՔՊ–ի համար են աշխատում, բանախոսն արձագանքեց.

«Անկեղծ ասած, այստեղ Ն. Փաշինյանի մեղքը չեմ տեսնում. միգուցե ճիշտ ֆիլտրեր չի դրել, որպեսզի իրեն նման մարդիկ մոտ չգան, բայց ամբողջ աշխարհում այդպես է, երբ իշխանություն է փոխվում, որոշակի կոմֆորմիստ հատված փորձում է տեղավորվել այդ իշխանության գրպանում: Դա ողբերգություն չէ, ողբերգությունն այն կլինի, եթե իշխանությունը խրախուսի և դրանց համար ջերմոցային պայմաններ ստեղծի»:

loading...
ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
website by Sargssyan